Դպրոցի պատմությունը
Տավուշի մարզի Բերդ քաղաքի 4-րդ դպրոցը հիմնադրվել է 1993թվականին` հայ-ադրբեջանական ընդհարումների ժամանակ/ունեցել է 12 դասարան` 212 աշակերտով/:1996թվականին տվել է  իր առաջին շրջանավարտները:
    Այսօր դպրոցում սովորում է 120 աշակերտ, մանկավարժների թիվը 20 է:
    Դպրոցի հիմնադիր տնօրեն Ալբերտ Պապյանը /նա 2001թվ. պարգևատրվել է <<Մովսես Խորենացի>> մեդալով/ ստեղծել  է աշխատանքային ամուր,կուռ թիմ, որն ամեն ինչ անում է նոր սերնդի կրթության և դաստիարակության,նրանց լիարժեք զարգացման համար:
    Դպրոցում գործում է աշակերտական խորհուրդ,որի անդամները ակտիվ մասնակցություն են ունենում դպրոցի արտադասարանային  և արտադպրոցական  աշխատանքների կազմակերպման գործում, հաճախ են հանդես գալիս սեփական նախաձեռնություններով:
    Դպրոցի տարրական օղակի աշակերտների համար գործում է <<Զանգակներ>> մանկական կազմակերպությունը:
    Դպրոցն ունի կառավարման խորհուրդ,որն օգնում և  աջակցում է դպրոցի ուսումնադաստիարակչական և կրթական ամենատարբեր աշխատանքների համակարգման գործում:
     Դպրոցն ունի լավ կահավորված համակարգչային կաբինետ, ուր սովորողները իրազեկվում են ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նվաճումներին:
    Դպրոցում գործում է Համայնքային գործողությունների  զարգացման ծրագիրը:
    2003թ-ին  մեծ հանդիսավորությամբ նշվեց դպրոցի  հիմնադրման 10-ամյակը: Դպրոցի 5  ուսուցիչներ  պարգևատրվեցին ՀՀ ԿԳՆ-ի պատվոգրերով, մի քանիսն էլ արժանացան Տավուշի մարզպետի պատվոգրերին:
    Դպրոցի աշակերտները ակտիվորեն են մասնակցում  մարզային և հանրապետական  օլիմպիադաներին:Նրանցից  շատերը սովորում են հանրապետության  տարբեր բուհերում:
    2007թ-ին դպրոցը պարգևատրվել է  ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պատվոգրերով` մայրենիի պահպանման, տարածման և զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար:
    2005թ-ից դպրոցն ստանձնել է  Բերդի տարածաշրջանում կրթական բարեփոխումներ իրականցնողի դեր` դառնալով դպրոց-կենտրոն:2006թ-ից անց են կացվել ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ <<Կրթության որակ և համապատասխանություն>> ծրագրի շրջանակներում, որին մասնակցել են տարածաշրջանի 22 հանրակրթական դպրոցների  ավելի քան 400 ուսուցիչներ ուսումնական բոլոր առարկաների գծով:
    Դպրոցում փորձարկվում են նաև նոր առարկայական և այլընտրանքային դասագրքեր, որոնք համապատասխանեցված են միջնակարգ կրթության բովանդակային նոր բաղադրիչներին:
    Դպրոցը կատարում է նաև ուսումնամեթոդական աշխատանքները համակարգողի գործառույթ, որն այսօր շատ կարևոր է, քանզի նոր կրթակարգը թելադրում է նոր չափանիշներ, նոր մոտեցումներ, որում կարևորվում է գիտելիքների համակարգի, սովորողների կարողությունների և հմտությունների, արժեքային համակարգի շաղկապումը:
    Դպրոցում աշխատում են բանիմաց, իրենց գործին նվիրված, հմուտ ուսուցիչներ, որոնք  արդյունավետ և ստեղծագործական աշխատանքով, նորովի ընկալմամբ կարողանում են ապահովել հանրակրթական նոր չափանիշների կատարումը:Անցնում են տարիները, կանաչ է հագնում տոհմածառը, ընձյուղվում են սերունդները:
    Դպրոցում կազմակերպվում են  բազմաբովանդակ միջոցառումներ, ցերեկույթներ. լավ հիմքերի վրա է դրված հայրենագիտական դաստիարակությունը:Ավանդական են դարձել <<Երդում մայրենիին>>, <<Ձեզ տեսնենք, աղջիկներ>>,  ռազմահայրենասիրական և այլ բնույթի միջոցառումները, առարկայական շաբաթները, շաբաթօրյակները, հայրենագիտական արշավները, էքսկուրսիաները, կլոր սեղանները, բանավեճերը:
    2008թ-ին դպրոցի հայ ասպետների թիմը մասնակցել է <<Հայ ասպետ>> հեռուստամրցույթին` արժանանալով բրոնզե պարգևների:
    Չնայած գործունեության կարճ ժամանակահատվածին` Բերդի 4-րդ դպրոցը ամուր, հաստատուն քայլերով գնում է առաջ` իր առջև ունենալով մի մեծ նպատակ` բարու, ազնվության հունդեր ցանել մատաղ սերնդի հոգիներում, սփռել գիտության լույսը հազարամյակի նոր սերունդների երթի ճանապարհին: